ԳլխավորԼուր

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Տեառնընդառաջի նախատոնակը Մայր աթոռ Էջմիածնում

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, հայտնում են Մայր աթոռի տեղեկատավական համակարգից։

Տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվել է Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել նախատոնակ, որից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե եկեղեցու Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին: Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվել է դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հայրապետի, վառվել է Տեառնընդառաջի խարույկը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ։

Զինվորներն ու երեխաները Տեառնընդառաջի նախատոնակին՝ Մայր աթոռ Էջմիածնում

Զինվորներն ու կաթողիկոսը Տեառնընդառաջի նախատոնակին՝ Մայր աթոռ Էջմիածնում