ԳլխավորԼուր

Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։

«Charite կլինիկայի նախաձեռնությամբ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան անցկացրել է Նավալնիի տոքսիկոլոգիական հետազոտություն։ Արդյունքում հայտնաբերվել են առանց կասկածների ապացույցներ՝ «Նովիչոկ» խմբի քիմիկական նյարդա-պարալիտիկ թունավոր նյութի առկայության վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։

Ռուսական կողմը (Պուտինի մամուլի քարտուղար Պեսկով, ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա), հայտարարել են, որ մինչեւ Գերմանիա տեղափոխվելը՝ Նավալնիի մոտ ռուս բժիշկները թունավորման նշաններ չեն հայտնաբերել։

Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 4-ին Սոլսբերիում (Մեծ Բրիտանիա) թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։

Լոնդոնում պնդում են, որ Սկրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով («Նովիչոկ») թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը։

 

Comment here