ԳլխավորԼուր

Ինչ անել օձի խայթոցի դեպքում. խորհուրդներ Արցախի ԱԻՆ-ից

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում:

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։

Հանգստացրեք տուժածին, սա առաջին նախապայմանն է, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։

Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։

Օգնության հեռախոսահամարներն են 911, 101, 112։