ԳլխավորԼուր

Չվախենալ սխալներից. Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է շրջանավարտներին տոնական օրվա և կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ.

«Այս օրվանից հետո սկսվում է ձեր կյանքի կարևոր որոշումներ ընդունելու փուլը: Վստահ եմ՝ նախորդ տարիներին ձեր ուսուցիչների օգնությամբ ստացել եք բոլոր նախադրյալները՝ կայացնելու պատասխանատու, գիտակցված որոշումներ, դառնալու լավագույն մասնագետը և քաղաքացին»:

Փոխնախարարը կոչ է արել չվախենալ սխալներից և այսօրվա նույն թեթևությամբ ու ոգևորությամբ հաղթահարել կյանքի բոլոր փուլերը:

«Մանկավարժական համալսարանին կից վարժարանի շրջանավարտ լինելը լրացուցիչ պատասխանատվություն է. հույս ունեմ, որ ձեր շարքերում կան ապագա ուսուցիչներ»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նաև ուսուցիչներին կարևոր և պատասխանատու գործի համար:

Հունիսի 7-ից մեկնարկում են 2021-2022 ուստարվա միասնական քննությունները: Այս կապակցությամբ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու դիմում-հայտ են ներկայացրել, կգրանցեն լավագույն ցուցանիշները, ինչը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: