ԳլխավորԼուր

Բացվել է Microchip Technology ընկերության հայաստանյան չորրորդ գրասենյակը

Բացվել է Microchip Technology ընկերության հայաստանյան չորրորդ գրասենյակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին մասնակցել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող Microchip Technology ընկերության հայաստանյան՝ թվով չորրորդ գրասենյակի բացման արարողությանը։

Գրասենյակի բացումն ազդարարող պաշտոնական ժապավենը կտրել են նախարար Մխիթար Հայրապետյանը և Microchip Technology-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը։

Microchip Technology-ի փոխնախագահ Շակիլ Պիրան շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը համագործակցության համար՝ կարևորելով դրա դերը Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում։ Միջոցառման ընթացքում Microchip Technology-ի ծրագրային ապահովման և ճարտարագիտական լուծումների ավագ տնօրեն Ռաջիվ Ջայարամանը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով Հայաստանի մեծ ներուժը տեխնոլոգիական ոլորտում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը:

Պաշտոնական արարողությանը հաջորդել է փակ քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Microchip Technology-ի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ընկերության առաջիկա ծրագրերն ու ռազմավարական տեսլականը։

Microchip Technology ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 2023 թվականից՝ համագործակցելով Instigate ընկերությունների խմբի հետ, ձեռք բերելով հայկական «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը։ Միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող և մոտ 50 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ամերիկյան Microchip Technology ընկերությունը հիմնադրվել է 1989-ին։ Այն միկրոկոնտրոլերների, խառը ազդանշանային սխեմաների, անալոգային կիսահաղորդիչների և ֆլեշ IP լուծումների առաջատար մատակարար է։ Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքում։