ԳլխավորԼուր

Մարտիրոս Սարյանի առաջարկով բացված ուսումնարանը կմիավորվի այլ ուսումնարանի հետ

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան

Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ 1966-ին հիմնադրված Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանը միավորվում է Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանիհետ։ ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը ներկայացրել է e-draft հարթակում: Միավորման անհրաժեշությունը հիմնավորվում է ուսումնարաններում սովորողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

«Երևանի զարդակիրառական արվեստի և Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարաններում ուսուցանում են հիմնականում նույն մասնագիտությունները: Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում սովորում են շուրջ 100 ուսանող (շենքային ոչ նորմալ պայմաններ) իսկ Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանում՝ 410 ուսանող: Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի մասնաշենքի մի հատվածը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ին, իսկ Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական մասնաշենքի մի մասը ունի վերանորոգման կարիք, որտեղ ուսումնական գործընթաց չի իրականացվում»,-նշված է նախագծում:

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ուսումնարանը դեմ է միավորմանը, նրա խոսքով` փոխանակ պետությունը լուծում տա առկա խնդիրներին, նախընտրում է միավորում անել. «Մեր ուսումնարանի բացմանը մուտքի ժապավենն անձամբ Մարտիրոս Սարյանն է կտրել, մենք լուրջ ավանդույթներ ունեցող կառույց ենք: Պետությունը պետք է մտածեր` ուսումնարաններն ինչու օպտիմալ չեն աշխատում: Մեր ուսումնարանը, օրինակ, մինչև հիմա ջեռուցման համակարգ չունի: Նոյեմբերից սկսած` մեզ մոտ շատ ցուրտ է, ծնողը որ գալիս-տեսնում է մեր պայմանները, ասում է. «Երեխես գա էստեղ` կես մարդ դառնա՞»: Որքան էլ էլեկտրականությամբ ջեռուցում ենք շենքը, միևնույն է, չի տաքանում: Ուսումնարանի փայտե պատուհանները 70-ականներին են տեղադրվել: Փորձում ենք գումար խնայել, վերանորոգել, բայց այդպես էլ ավարտին չենք հասցնում»:

Անդրանիկ Հովհաննիսյանը նկատում է` ուսումնարանների միավորման հետևանքով մեծ թվով կրճատումներ կլինեն. «Պարզ է, որ մեր տնտեսական, ադմինիստրատիվ մասն ամբողջովին կկրճատվի: Դե ստացվում է, որ միավորումը պետության համար հեշտ ճանապարհն է»:

Չնայած կառավարությունը ներկայացրել է նախագիծը, այնուամենայնիվ, 2023-24 ուսումնական տարվա համար Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանին հատկացրել է ընդունելության տեղեր:

Կառավարության նախագիծը հանրային քննարկման կներկայացվի մինչև հունիսի 23-ը: