ԳլխավորԼուրԿրթություն

Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը:

Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:

Մրցույթի հայտարարում և կազմակերպում

Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով.

• Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն:
• Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:
• Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը:
• Հայտարարության տեքստում նշվում են հաստատության և թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պետական կրթական չափորոշչով մանկավարժի համար սահմանված պահանջները, ինչպես նաև փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման վայրը և ժամանակահատվածը:
• Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում:
• Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը:
• Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող մանկավարժին` պահպանելով աշխատողի ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը: Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով:
• Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here