ԳլխավորԼուր

«Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ  զորային հավաքների վաշտի զինծառայողների զինվորական երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նշելով, որ բավականին երկար ճանապարհ են անցել  2018 թվականից «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող ուսանողները, որոնք սովորելով իրենց բուհական հաստատություններում,  զուգահեռ հաճախել են ռազմական համալսարան:

«Այսօր իրենց տեսական գիտելիքներն ամրապնդելու համար անցկացնելու ենք զորային հավաքներ գործնական պարապմունքների տեսքով: Վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք: Այստեղ կանգնած պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է իրականացնելու իր առջև դրված առաքելությունը: Ցանկանում եմ, որ լինենք ավելի կարգապահ, ավելի վստահ, ավելի հզոր՝ պատրաստ լինելու ամուր պահելու մեր սահմանները և մեր երկրի անձեռնմխելիությունը»,- ընդգծեց Խաչատրյանը:

Գնդապետ Խաչատրյանի խոսքով` այս տարիների ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել տեսական գիտելիքների վրա, իսկ հիմա զինծառայողներն անցնելու են գործնական պարապմունքներ:

«Զորային հավաքների 70-80 տոկոսը նվիրված է գործնական պարապմունքներին: Զորային հավաքներից հետո նրանք կդառնան սպաներ: Կարող եմ ասել, որ գրագետ տղաներ են, հեշտ է իրենց հետ պարապմունքներ անցկացնելը»,- հավելեց Խաչատրյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ — զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որն ընդգծեց, որ ամեն ինչ անելու են, որ զինծառայողներն իրենց ուսադիրերը կրեն հպարտորեն:

Երդման արարողությունից հետո ռազմական համալսարանի գնդերեց  Պետրոս սարկավագ Ղազարյանը տերունական աղոթք հնչեցրեց:

Comment here