ԳլխավորԼուր

Ավարտվեցին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը

Ավարտվեցին Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Այժմ Չինաստանի մայրաքաղաքում ընթանում է փակման արարողությունը։ Օլիմպիադան մեկնարկել էր փետրվարի 4-ին։

Արարողության ընթացքում տեղի կունենա Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերի ներկայացումը, օլիմպիական դրոշի փոխանցումը Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) իտալական նշված քաղաքների քաղաքապետներին։

Փակման արարողության ավարտին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Պեկինի Օլիմպիական խաղերը կհայտարարի փակված: Այնուհետև օլիմպիական կրակը կհանգցնեն։ Այս տարվա խաղերին մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու:

Մեդալային հաշվարկով հաղթող Է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12-10-5), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9-4-2): Ինչ վերաբերում է մրցանակների ընդհանուր թվին, ապա առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):

Հիշեցնենք՝ Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնում էին գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, Միքայել Միքայելյանը։

Ցավոք, մեր հայրենակիցները մրցանակային տեղեր չգրավեցին։