ԳլխավորԼուր

«Հզոր ենք, երբ միասին ենք». ռազմահայրենասիրական հավաք՝ «Պոլիտեխնիկ» ճամբարում

Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք:

Միջոցառումն իրականացնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում Պոլիտեխնիկի զոհված հերոսների ծնողները: Նրանց հանձնվել են ՀԱՊՀ ուսանողական խորհրդի «Երախտագիտության» մեդալներ:

Հանդիսավոր բացմանը հաջորդել է հավաքի ընտրական փուլը։

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը կրում է «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսը: Հավաքին մասնակցում է ավելի քան 170 երիտասարդ ՀՀ-ից և Արցախից:

Համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատ՝ դրանք անվանելով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչմանն արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները, կկրեն պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անունները։

Հավաքի 6 օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենալու հասարակական, պետական, քաղաքական գործիչների, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը:

Comment here