ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը, հայտնում են նախարարությունից:
Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:
Նշենք՝ հատուկ ծրարի մարման արարողությունից առաջ տեղի է ունեցել նաև համալսարանի բակում բարեկարգված այգու բացումը:
Հյուրերը մասնակցել են նաև Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի տանիքին տեղադրված 90 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային կայանի բացմանը: Բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ կայանն ամբողջությամբ նախագծվել, չափագրվել ու կառուցվել է համալսարանի ինժեներների, մասնագետների և ուսանողների կողմից: Կայանը ծածկում է համալսարանի երեք մասնաշենքերի էլեկտրաէներգիայի ծախսը: Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականի ամառվա վերջ նախատեսվում է կառուցել 736 կիլովատտ հզորությամբ արևային կայաններ համալսարանի բոլոր մասնաշենքերի տանիքներին:
Գոռ Վարդանյանի խոսքով՝ ստեղծվել է «Պոլիտեխնիկ. Էներգետիկ լուծումներ» խումբը, որը ոլորտային համապատասխան ծառայություններ կմատուցի ինչպես համալսարանին, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ու անհատներին:
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը լավ օրինակ կլինի նաև մյուս բուհերի համար: