ԳլխավորԼուր

Ռազմական բուհերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավորությամբ և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել և գոհունակություն է հայտնել, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, այս տարի, ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թիվը պատկառելի է եղել։

«Շնորհավորում  եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում, որ այն լինի արդյունավետ, հաջողություններով լի, դառնա հիմնավոր գիտելիքների ձեռքբերման ու բարձր առաջադիմության տարի: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքը զարգացման ու առաջընթացի ամենահուսալի երաշխավորն է: Իսկ ռազմական ոլորտում այն կարևոր է կրկնակի, քանի որ կայուն ապագա ունի միայն պաշտպանունակ ու անխոցելի սահմաններ ունեցող երկիրը։

Մեր ռազմական կրթօջախների կուրսանտները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում: Վստահ եմ՝ նրանք գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ են ընտրել զինվորականի ուղին և ամեն ինչ անելու են, որ գիտելիքների մեծ պաշարով համալրեն մեր զինված ուժերի շարքերը: Բոլորիդ մաղթում եմ բարի երթ ու հաջողություններ»:

Կուրսանտներին շնորհավորել և խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի են մաղթել նաև ռազմական կրթօջախների ղեկավարները:

Ի դեպ, առաջիկա օրերին կազդարարվի նաև «Պատիվ ունեմ» ծրագրի այս տարվա մեկնարկի մասին:

Comment here