74 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, հայտնում են Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։
Խալաթյանը ծնվել է 1950թ. հունվարի 9-ին Վանաձորում։ Եղել է Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակական-քաղաքական թերթը:
33 գրքի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, բելառուսերեն, բուլղարերեն, ղազախերեն, ռումիներեն, պարսկերեն և այլ լեզուներով:
Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում, ինչպես նաև Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում։
Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ է:
Խալաթյանը 1988 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու դրա գործունեությանը։