ԳլխավորԼուր

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 13-ին անցկացվեց նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված «Հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառումը: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը միտված է առաջինկուրսեցիներին ծանոթացնելու Երևանի պետական համալսարանում գործող ստորաբաժանումների գործառույթներին, իրականացվող բազմատեսակ ծրագրերին և հնարավորություններին։

Տոնական օրվա ընթացքում ԵՊՀ տարբեր ստորաբաժանումները ներկայացրին իրենց գործունեությունը, առաջարկվող հնարավորությունները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Առաջինկուրսեցիները տեղեկացան համալսարանական կյանքի (լրացուցիչ կրթական հնարավորություններ, ուսանողներին տրամադրվող զեղչեր, ներքին հաղորդակցություն, միջազգային համագործակցություն, տեղեկատվական համակարգեր, մշակութային կյանք, կարիերայի հնարավորություններ և այլն) և ենթակառուցվածքների գործունեության մասին:

Միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացան Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը, Ուսումնամեթոդական վարչությունը, Ֆինանսական վերլուծությունների վարչությունը, Գիտական քաղաքականության վարչությունը, Ընդհանուր բաժինը, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը, Միջազգային համագործակցության վարչությունը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, Շարունակական կրթության կենտրոնը, Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը, Մարքեթինգի բաժինը, Ուսանողական գիտական ընկերությունը, Ուսանողական խորհուրդը, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը, Բյուրականի ուսումնաարտադրական բազան:

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար

Միջոցառումը նաև բացառիկ հնարավորություն էր առաջինկուրսեցիների համար՝ հանդիպելու և շփվելու համակուրսեցիների ու բարձր կուրսերի ուսանողների, դասախոսների և համալսարանական անձնակազմի հետ։

Հնարավորությունների ցուցահանդեսի ժամանակ կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ, քվեսթ: Բացի դրանից՝ ուսանողներն անմիջապես տեղում հնարավորություն ունեցան գրանցվելու, անդամագրվելու և հետագայում մասնակցելու ԵՊՀ ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մշակութային միջոցառումների ու դասընթացների, ինչպես նաև կամավորական աշխատանքների։

Այս տարի ուսանողներին իրազեկելու գործընթացը մեկնարկել է դեռ ավելի վաղ. առաջին փուլում՝ նախքան ուսումնական տարվա մեկնարկը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել է ուսանողների իրազեկման միջոցառումների շարք, որի ընթացքում առաջինկուրսեցիներին ներկայացվել են իրենց իրավունքները, պարտականությունները, ուսանողական ինքնակազմակերպման ձևերը և այլն: Արդեն երկրորդ փուլում՝ ուսումնական տարվա առաջին օրը (այս տարի՝ սեպտեմբերի 2-ին), ուսանողներին ջերմորեն ընդունել են ֆակուլտետներում՝ ներկայացնելով ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված անհրաժեշտ բոլոր մանրամասները, կրթական ծրագրերը, ընտրված կրթական ծրագրերում առկա կարիերայի հնարավորությունները և այլն:

««Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումն ուսանողներին իրազեկելու գործընթացի երրորդ բաղադրիչներից է, որի շրջանակում ԵՊՀ ստորաբաժանումները ներկայացրին իրենց գործունեությունը: Մենք փորձում ենք հենց ամենասկզբից իրազեկել ուսանողներին այն բոլոր հնարավորությունների ու կրթական ծառայությունների մասին, որոնք առկա են Երևանի պետական համալսարանում: Նախորդ և այս տարվա միջոցառման տարբերությունն էլ այս եռափուլության և փոխկապակցվածության մեջ է»,- ասաց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։

Միջոցառման շրջանակում ուսանողները ոչ միայն տեղեկացան բուհի ընձեռած հնարավորությունների մասին, այլ նաև իմացան այդ հնարավորությունների վերաբերյալ շարունակաբար նորություններ, հավելյալ տեղեկություններ ստանալու մեթոդներն ու ուղիները: Այս տեսանկյունից ուսանողների համար տոնավաճառը նաև գործողությունների քարտեզագրման նշանակություն ուներ:

Պրոռեկտորը փաստեց, որ այս տարի ընդլայնվել է ցուցահանդեսին մասնակցող ԵՊՀ ստորաբաժանումների շրջանակը: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև այս տարվա ընթացքում ԵՊՀ-ի արձանագրած ձեռքբերումները։ Առաջինկուրսեցիները իրազեկվեցին ժամանակակից սարքավորումներով հագեցած ԵՊՀ մարզասրահի մասին:

ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհանիսյանը «Հնարավորությունների տոնավաճառ»-ում

«Մենք կարևորում ենք հենց հարցուպատասխանի միջոցով տեղեկություն տրամադրելու եղանակը և այս միջոցառման շնորհիվ փորձում թիրախավորել այն հաղորդակցական բացը, որն անհրաժեշտ է պարբերաբար լրացնել: Մեզ համար առանցքային նշանակություն ունեն ուսանողների մոտիվացվածությունը համալսարանում սովորելու, համալսարանական կյանքով ապրելու ցանկությունը բարձրացնելը, և այդ ուղղությամբ աշխատելու համար գործադրում ենք մեր բոլոր ջանքերը»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների արդյունավետությունը ոչ միայն ԵՊՀ-ի, այլև բազմաթիվ համալսարանների փորձով: Տարիներ շարունակ նմանօրինակ միջոցառումներ անցկացրել են Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանները:

Միքայել Հովհաննիսյանը, խոսելով հետագայում ներդրվող ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ այժմ մշակվում է ուսանողական կյանքին արդյունավետ ինտեգրվելուն նպաստող սեմինարների շարք առաջինկուրսեցիների համար։

Պրոռեկտորն առաջինկուրսեցիներին խորհուրդ տվեց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որ համալսարանն ընձեռում է, չսահմանափակվել նրանով, ինչ կա լսարանում, չվախենալ և չխուսափել հարցեր տալուց, լինել նախաձեռնող:

«Ուսանողական տարիները ուսանողի համար չափազանց կարևոր են։ Սա բացառիկ հնարավորություն է աշխատելու, կենտրոնանալու: Սա փուլ է, որտեղ ուսանողը կարող է իրեն լիովին նվիրել սովորելուն, իսկ սովորելու համար ջանք գործադրելը բանական մարդու համար շատ հաճելի է»,- ընդգծեց Մ. Հովհաննիսյանը:

ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը միջոցառման նշանակությունը կարևորեց հաղորդակցության տեսանկյունից՝ ընդգծելով, որ «Հնարավորությունների տոնավաճառ»-ը ևս մեկ հարթակ է համալսարանի կրթական ու գիտահետազոտական աշխատանքները, գրանցած արդյունքները և հնարավորությունները առաջինկուրսեցիներին ներկայացնելու համար։

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար

«Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ առաջինկուրսեցիներին ներկայացրինք Մարքեթինգի բաժնի գործունեությունը, որի հիմնական գործառույթներից են նպաստելը ԵՊՀ հանրային դիրքի շարունակական բարելավմանը հաղորդակցական նյութերի տարածման միջոցով և աջակցելը ներքին հաղորդակցության կազմակերպմանը»,- ասաց Ազնիվ Գրիգորյանը՝ հորդորելով ուսանողներին համալսարանական կյանքի, ուսումնական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն իմանալու համար հետևել ԵՊՀ պաշտոնական կայքէջին և սոցիալական հարթակներում համալսարանի պաշտոնական էջերին։

Նշենք, որ առաջինկուրսեցիների ուսումնական ճամփորդության սկիզբն ազդարարող միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ «YSU Band»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ԵՊՀ-ում անցկացվել է առաջինկուրսեցիների դիմավորման տոնական միջոցառում՝ «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» խորագրով:

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար