ԳլխավորԼուր

ՇՕ. հայ շախմատիստները 15 միավորով առաջատար են

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում քիչ առաջ հաղթեց Հնդկաստանի առաջին թիմին և 15 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել՝ ԱՄՆ-ի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը 1,5։3,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։

Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):

Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Օլիմպիադայում 11 տուր կանցկացվի։ Այն կավարտվի օգոստոսի 10-ին։

Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։