Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երեկ ուշ երեկոյան 2:2 հաշվով ավարտել են իրենց հանդիպումները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ:
Հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ:
Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:
Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:
ՀՀ տղամարդկանց հավաքականը կհանդիպի Իրանի, կանանց հավաքականը՝ Գերմանիայի հավաքականի հետ։
Վերջին խաղափուլից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 4-11-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 5-9-րդ հորիզոնականները:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։
Խաղերին կարող եք հետևել այստեղ։