Հայաստանի Հանրապետության անկախության օրը ՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:
Ցուցանմուշները Բրիտանական թանգարանից Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։
Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։