Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ստորագրահավաք է սկսում, նշված է խորհրդի ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ ուսանողներ, ինչպես տեղյակ եք` մեր համալսարանում արդեն երեք տարի է շարունակվում է կառավարման ճգնաժամը, ինչը հանգեցրել է մեր՝ ուսանողներիս շրջանում ապատիայի մթնոլորտի ձևավորմանը՝ համալսարանը դարձնելով անհետաքրքիր և անորոշ ապագա ունեցող հաստատություն։
Հաշվի առնելով վերոգրյալը և գիտակցելով նկարագրված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը որոշել է իրականացնել ստորագրահավաք ուսանողների շրջանում՝ լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍՆ) առաջ դնելով հետևյալ պահանջները.
1. Պահանջում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը ձևավորել և հաստատել մեր համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը․
— Մեկ տարուց ավելի ՇՊՀ-ն չունի Հոգաբարձուների խորհուրդ
2. Պահանջում ենք խորհրդի հաստատումից անմիջապես հետո հետևողականորեն ձեռնամուխ լինել ՇՊՀ-ի ռեկտորի մրցույթի իրականացմանը․
— Երեք տարուց ավելի է ինչ բուհը չունի ընտրված ռեկտոր և մնացած բոլոր բարձր պաշտոնները ևս զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարները և պարտականություններ կատորողները
3. Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարությունից սեղմ ժամկետներում ներկայացնել հստակ պլաններ ՇՊՀ-ի մոտ ապագայի վերաբերյալ և ջանքեր գործադրել համալսարանի ներքին մթնոլորտի առողջացման ուղղությամբ․
— Մեր համալսարանի ներկան և ապագան մատնված է անուշադրության պետության կողմից, և այս անորոշության ու բուհում շարունակվող խոր ճգնաժամի հետևանքով ձևավորվել է ատելության և ակադեմիական ծայրահեղ անպարկեշտությանից մթնոլորտ․ այս պայմաններում սովորելը և աշխատելը համարում ենք անհնար։
4. Պահանջում ենք բուհի գիտակրթական գործունեության վերանայում, բարելավում և թարմացում՝ վերջիններս համապատասխանեցնելով 21-րդ դարի կրթության տարրական նորմերին և չափանիշներին»,-նշված է հայտարարության մեջ։