Առանց հատուկ օրակարգի, նախանշված ձևաչափի և սահմանափակումների՝ երիտասարդների հետ հանդիպումների շարքը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մեկնարկել է Շիրակի պետական համալսարանից՝ նշելով, որ մայր բուհում ավելի շատ հարազատի նման է հյուրընկալում, քանզի թե որպես նախկին ուսանող, թե որպես լավ բարեկամ սիրով է հանդիպում դասախոսների և ուսանողների հետ, հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Եկել եմ ձեզ հետ անկեղծ զրույց ունենալու, առանց կաշկանդվածության ձեզ հետ շփվելու և ձեր նախընտրած բոլոր հարցերին պատասխանելու, քանի որ վստահ եմ՝ այսօրինակ հանդիպումներն ամենակարևորներից են, որոնց շնորհիվ հնարավորություն եմ ունենում կտրվելու պաշտոնական շփումներից ու ֆորմալ ձևաչափերից»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ հորդորելով ուսանողներին լինել անկաշկանդ, ուղղել բոլոր հուզող հարցերը, եթե անգամ դրանք քննադատող են, քանզի միշտ կողմ է եղել առողջ քննադատությանը, որովհետև պաշտոնը հավերժ չէ, իսկ պատվով ու արժանապատվությամբ ապրելու, անցած ճանապարհի ու ապագայի վրա հետք չթողնելու համար պետք է իրականությունից չկտրվել։
Ուսանողներն ու դասախոսները մարզպետից հետաքրքրվել են Գյումրու կանաչապատման խնդրով, ներհամայնքային տրանսպորտի հիմնահարցով, մարզում ու, մասնավորապես Գյումրիում զբոսաշրջության զարգացման հեռանկարով, ինչպես նաև «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունների լիարժեք օգտագործման հեռանկարով։
«Օդանավակայանի մասով արդեն մի քանի անգամ տարբեր հանդիպումների ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ կառավարության իրականացրած աջակցության ծրագիրը բավական լուրջ հնարավորություն է ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով, բայց այստեղ պետք է հստակ մեր անելիքների շրջանակը նախանշենք, որպեսզի այն զբոսաշրջիկը, որ արդյունքում գալու է Գյումրի, միանգամից մայրաքաղաք կամ այլ վայր չմեկնի, քանզի զբոսաշրջության ծավալների աճն ուղիղ համեմատական է տնտեսության ակտիվացմանն ու բոլոր ճյուղերում դրական դինամիկայի ապահովմանը»,- կարևորել է մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մշակութային կյանքի ակտիվացմանը, երիտասարդների նախաձեռնողականությանն ու կառավարման ոլորտում առկա տարաբնույթ հարցերի։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews