ԳլխավորԼուր

Շիրակի պետհամալսարանում 211 թափուր տեղ կա, Վանաձորի պետհամալսարանում՝ 185

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

Արդեն ներկայացրել ենք թափուր տեղերի վիճակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկականում, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայկական պետական մանկավարժական համալսարաններում, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Այժմ ներկայացնում ենք թափուր տեղերի վիճակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Շիրակի պետական համալսարանում, Վանաձորի պետական համալսարանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Այսպիսով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այս տարի 376 թափուր տեղ կա, 9-ը՝ անվճար, 367-ը՝ վճարովի։ Բուհում ամենամեծ թվով թափուր տեղերը «Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն» մասնագիտության գծով են՝ 61 վճարովի թափուր տեղ, իսկ, օրինակ, «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» մասնագիտության գծով 5 անվճար թափուր տեղ կա և 21 վճարովի տեղ։

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանին, այս տարի այնտեղ 211 թափուր տեղ կա, 6 անվճար և 205 վճարովի տեղ։ Օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության գծով 22 անվճար թափուր տեղ կա, «Դեղագործական քիմիայի» գծով՝ 3 անվճար և 10 վճարովի տեղ։ Իսկ ահա Վանաձորի պետական համալսարանում 185 թափուր տեղ կա, որից 4-ը՝ անվճար, 181-ը՝ վճարովի։ Բուհում « Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության գծով, օրինակ, 19 վճարովի թափուր տեղ կա, «Կենսաբանություն» մասնագիտության գծով՝ 2 անվճար, 12 վճարովի թափուր տեղ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 99 թափուր տեղ կա, 1-ը՝ անվճար։ «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտության գծով հենց 1 անվճար և 5 վճարովի թափուր տեղ կա, իսկ, օրինակ, «Դերասանական արվեստ» մասնագիտության գծով 14 վճարովի թափուր տեղ կա։

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս տարի 696 թափուր տեղ կա, որից 90-ը` անվճար: Օրինակ՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության գծով 16 անվճար և 108 վճարովի թափուր տեղ կա, իսկ «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտության գծով 6 անվճար և 42 վճարովի թափուր տեղ կա։

Ինչ վերաբերում է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, այստեղ ընդամենը մեկ մասնագիտության գծով թափուր տեղեր կան․ խոսքը «Ֆարմացիայի» մասին է, որի գծով 51 վճարովի թափուր տեղ կա։

Հիշեցնենք՝ ընդհանուր առմամբ, բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, թափուր է մնացել 350-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը, թափուր է մնացել 8764-ը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ