ԳլխավորԺամանցԼուր

Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է

Սնուփ Դոգ

Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել համերգը կազմակերպող Doping Space ընկերությունը։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Usanogh.am-ը երեկ իր ֆեյսբուքյան էջում հարցում էր տեղադրել՝ արդյո՞ք Սնուփ Դոգի համերգը պետք է չեղարկվի։ Հարցմանը պատասխանողների գերակշիռ մեծամասնությունը նշել էր, որ կողմ է համերգի չեղարկմանը։

Կողմ էր քվեարկել 131 օգտատեր, դեմ՝ 22 օգտատեր։

Հիշեցնենք, որ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Նախատեսվում էր, որ համերգին կմասնակցի 20-25 հազար մարդ, ակնկալվում էր զբոսաշրջիկների թվի աճ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։