Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Տոնին նախորդում է հնգօրյա պահքը, իսկ հանդիսության օրը հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:
Սուրբ Սարգիսն անվախ ու ազնիվ զորավար էր, որն օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նրա ճերմակ ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց՝ բուք ու բորան բարձրանում: Ժողովուրդը հավատում էր, որ սուրբը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Ձիով շրջելով լեռներում՝ օգնում էր նաև կարիքավոր ճանապարհորդներին։
Ավանդազրույցը պատմում է, որ Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջամարտիկների հետ 363 թվականին նահատակվում է հանուն քրիստոնեության։ Նահատակության վայրում՝ Դաղման քաղաքի մոտ, գլխատվելուց առաջ սուրբ Սարգիսը խնդրում է Աստծուն, որ իր անունով կատարված աղոթքներն ի կատար ածվեն:
Հավատացյալները սրբի և մյուս նահատակների մարմինները թաքուն ամփոփում են Համիան քաղաքում, որտեղից էլ Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան՝ Կարբի (Աշտարակի մոտ), և վանք հիմնում: Ապա սրբի մասունքներից զետեղում են խաչափայտի մեջ և ամփոփելով Գագ բլրի գագաթին՝ կառուցում Սուրբ Սարգիս եկեղեցին
Արագահաս սրբին են աղոթում վիրավոր մարտիկների, գերիների, նեղության մեջ հայտնված զինվորների համար։
Իսկ ինչու է Սուրբ Սարգիսը համարվում նաև երիտասարդների և սիրահարների հովանավորը
Լեգենդներից մեկը պատմում է, որ ականավոր զորավար Սարգիսը և նրա 39 քաջարի զինվորները հերթական ճակատամարտից հաղթական վերադառնալուց հետո քեֆ են անում արքայական պալատում: Երբ հարբած զինվորները քնում են, արքան հրամայում է 40 աղջիկների սպանել նրանց. 39-ը կատարում են հրամանը, բայց մեկը, հմայված քնած Սարգսի գեղեցիկ դեմքով, սպանելու փոխարեն համբուրում է նրան։ Սարգիսը, արթնանալով և գիտակցելով կատարվածը, կայծակնային արագությամբ թամբում է իր արագընթաց սպիտակ նժույգը և փոթորիկ առաջացնելով՝ փախչում պալատից՝ իր հետ տանելով աղջկան։ Այսպիսով, սերը փրկում է նրա կյանքը:
Մեկ այլ ավանդության համաձայն՝ Սուրբ Սարգիսն օգնել է փրկել Աշուղ Ղարիբի սերը։
Աղքատ երգիչը սիրում է մի մեծահարուստի դստերը՝ շահ-Սանամն։ Աղջիկը փոխադարձաբար պատասխանում է նրան, սակայն հայրը դեմ էր աղքատին իր աղջկան կնության տալուն։
Երիտասարդը որոշում է մեկնել հեռավոր երկրներ՝ աշխատելու ու հարստանալու նպատակով։ Աղջկա հետ պայմանավորվում է, որ նա իրեն կսպասի 7 տարի, իսկ եթե նշնակված ժամկետից թեկուզ 1 օր ուշանա՝ աղջիկը կարող է ամուսնանալ ուրիշի հետ։
Աշուղ Ղարիբը, յոթ տարի անխոնջ աշխատելով, կարողանում է կարողություն կուտակել ու բռնել տունդարձի ճանապարհը։ Վերադարձի ճանապարհին բազմաթիվ փորձությունների ենթարկվելով՝ հասկանում է, որ չի հասնի ճիշտ ժամանակին տուն ու օգնություն է խնդրում սուրբ Սարգսից։ Վերջինս մի մի ակնթարթում նրան իր ձյունաճերմակ ձիով հասցնում է շահ-Սանամի մոտ։ Աղջկա հայրը, տեսնելով կատարված հրաշքն ու երիտասարդների նվիրված սերը, օրհնում է նրանց միությունը:
Տոնի սովորույթներից
Սուրբ Սարգսի հիշատակության օրը, որն անվանվում է նաև Երիտասարդների օրհնության օր, հայ ժողովրդի ամենասիրելի տոներից է:
Սրբին առնչվող տարածված ավանդույթներից մեկն այն է, որ նա երիտասարդ սիրահարների, ընտանիքների հովանավորն է: Ըստ այդմ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ էին ուտում երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում իրենց ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պղնձից կամ կավից՝ աղքատ։ Էական էր ջրի քանակությունը ևս. եթե բաժակը ջրով լի էր՝ շատ երկար կապրեին, եթե կիսատ էր՝ կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր՝ ընդամենը մի քանի տարի։
Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը՝ օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։
Ընդունված էր նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինձ դնել և սպասել, որ սուրբ Սարգիսն իր ձիու պայտի հետքերը կթողնի այնտեղ։ Մեծ հաջողություն էր սպասվում այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով կանցներ սուրբը:
Ճակատագիրը որոշելու հետ կապված մեկ այլ հավատալիքի համաձայն՝ առավոտյան պատանիներն ու աղջիկները բարձրանում էին երդիկների վրա, լավաշի մեջ փաթաթած խաշիլի կամ հացի կտորներ դնում և ուշադիր հետևում: Թռչունները դրանք որ ուղղությամբ տանեին, այդ կողմից էլ կլիներ ապագա կողակիցը: Եթե հացի փշրանքները տեղում էին կտցում, ապա դա նշան էր, որ ընդհանրապես չեն ամուսնանալու:
Սուրբն օգնում էր նրանց, ովքեր մշտապես աղոթում էին ու պաս պահում: Տարածված պատումներից էր (օրինակ՝ ակնեցիների մեջ) նաև սրբի՝ պաս պահողների նկատմամբ բարեգութ վերաբերմունքը և պատիժը՝ չպահողների նկատմամբ. «Ով իմ (սուրբ Սարգսի) հինգ օր ծոմ պահե, առնիմ աջիկ թևիս (կամ ճերմակ ձիուս) վրա, նետիմ կանաչ արտիս վրա: Ով իմ հինգ օր ծոմս չի պահե, առնիմ չոլախ (ձախ) թևիս վրա, նետիմ չորացած արտի վրա»:
Ըստ հայկական պատկերագրության՝ սուրբ Սարգիսը գործում է որդու` Մարտիրոսի հետ, մի հանգամանք, որը բացակայում է այլալեզու աղբյուրներում: Նա հաճախ ներկայացվում է վիշապի կամ որևէ այլ կենդանու նիզակահարելիս (որդու հետ կամ առանց նրա):
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





