ԳլխավորԼուր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Սուրբ գեղարդ

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերվեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Comment here