ԳլխավորՀայաստանս

Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝  Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների  քաղաքական ղեկը վարելու»:

Ազգային խորհրդի այս ուղերձը 1918-ի մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը:

Մինչ այդ՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերն էին։

Նորաստեղծ հանրապետության առաջին կառավարությունը ղեկավարում էր Հովհաննես Քաջազնունին (ՀՅԴ), արտգործնախարարն էր Ալեքսանդր Խատիսյանը (ՀՅԴ), Արամ Մանուկյանը (ՀՅԴ) ներքին գործերի նախարարն էր, Ելևմուտքի նախարարն էր Խաչատուր Կարճիկյանը (ՀՅԴ), ռազմական նախարարը Հովհաննես Հախվերդյանն էր (անկուսակցական)։

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

Այնուամենայնիվ, չնայած ահռելի դժվարություններին, 1918-20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով (հունիսի 4, 1918) նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920-ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց գտնվում էին ՀՀ ազդեցության ներքո։

Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևանում ստորագրվեց համաձայնագիր բոլշեւիկների եւ Սիմոն Վրացյանի ղեկավարած կառավարության միջև. Հայաստանը հռչակվեց  խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունն անցավ ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին:

1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն:

Լուսանկարը՝ sputnikarmenia-ի։

Comment here