ԳլխավորԼուր

Երևանի «Պոնտի» հունական համայնքը նշել է OXI տոնի տարեդարձը

Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում Երևանի «Պոնտի» հունական համայնքը նշել է Հունաստանի ազգային OXI (Ոչ) տոնի տարեդարձը. այն պետական տոն է Հունաստանում և Կիպրոսում, որը մեծ շուքով նշում են աշխարհի տարբեր երկրների հունական համայնքներում, հայտնում է «Արմենպրեսը»։

Տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին՝ խորհրդանշելով Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասի կողմից Իտալիայի ղեկավար Բենիտո Մուսոլինիի ներկայացրած վերջնագրի մերժումը:

1940 թվականի հոկտեմբերի 28-ի առավոտյան Իտալիայի կառավարությունը վերջնագիր է ուղարկել Հունաստան՝ Աթենքում Իտալիայի դեսպան Էմանուել Գրացիի միջոցով, որն անձամբ հանձնել է այն Իոաննիս Մետաքսասին: Վերջնագրով պահանջվում էր ապահովել  իտալական բանակի մուտքը հունա-ալբանական սահմանից, նպատակն էր գրավել Հունաստանի որոշ ռազմավարական կետեր (նավահանգիստներ, օդանավակայաններ և այլն):

Տեքստը կարդալուց հետո Մետաքսասը հայացքը ուղղել է դեպի Իտալիայի դեսպանը և ֆրանսերենով պատասխանել նրան. «Դա նշանակում է պատերազմ». Հունաստանհի վարչապետը մերժել է կյանքի կոչել Իտալիայի պահանջները։

Լուսաբացին սկսվել է Հունա-իտալական պատերազմը ՝ իտալական զորքերի անակնկալ ներխուժմամբ (վերջնագրում նախատեսված էր, որ հարձակումը կսկսվի առավոտյան ժամը 6-ին), ուստի Հունաստանը պատերազմի մեջ է մտել պաշտպանական դիրքով: Հետագայում հունական բանակի տարած հաղթանակները նպաստել են, որպեսզի ամեն տարի հոկտեմբերի 28-ը նշվի որպես Մետաքսասի կողմից իտալական վերջնագրի մերժման օր։