ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է բեմադրիչ Վահե Շահվերդյանը

Վահե Շահվերդյան

77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի: Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը: Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թվականին, օգոստոսի 19-ին, Կիրովականում։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր։ 1996-2008 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 1995-1999 թվականներին՝ ՀՀ Աժ պատգամավոր։

Վահե Շահվերդյանն ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Ն

րա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։