ԳլխավորՀայաստանս

Մորուք Ռաֆոն չիմացված լեգենդ էր. Հարություն Մանսուրյան

Հարություն Մանսուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մորուք Ռաֆոն չիմացված լեգենդ էր։

Մուրուքի հետ մեկ օր ենք անցկացրել, նկարում էինք Դադիվանքի ամենաբարձր սարերում։ Մինչ այդ Արցախի 2 շատ հայտնի հրամանատարներից և Արցախի թեմի առաջնորդից հարցազրույցների ընթացքում լսում ենք․ ամենադժվար հատվածը Մորուքինն էր, թորքերը որ լսում էին Մորուք, փախչում էին, ամենաքիչ զոհերը Մորուքը տվեց, ու տարբեր պատմություններ Մորուքի մասին։ Լեգենդներ էին, պատմություններ չէին։

Զարմացած էինք՝ չէինք լսել իր մասին։ Իմացանք, որ Դադիվանքի մոտ է ապրում ընտանիքի հետ, համարյա աշխարհաթող է եղել։ Զանգեցիք, չէր համաձայնում նկարվել, ասաց, եթե ուզում եք, եկեք, կխոսենք։ Գնացինք։ Երկար խոսեցինք։ Ասում էր՝ դե անցած մի կյանք է, երբ ազատագրեցինք այս տարածքը, երդվեցինք տեր կանգնել։ Ես իմ խոստումը կատարեցի, եկա, ապրում եմ, գոհ եմ, բայց ուրիշ ոչ մեկը չեկավ։ Մեկ-մեկ գալիս են խորոված ուտելու։ Իրենք հիմա գեներալներ են ու պաշտոնյաներ, ես ոնց Մորուք կայի, էնպես էլ մնացել եմ։ Չէր մեղադրում, ժպիտով էր պատմում։ Իր կռվի մասին դժվար էր խոսում, պատմելուց էլ այնպես, կարծես սովորական կյանքի ամենասովորական դրվագներ նկարագրեր։ Տղան էլ էր մեզ հետ, կարծես տղայի հետ խոսեր։ Ֆիլմում իր պատմածի չնչին մասն է միայն։

Հետո հենց սարի գլխին միասին հաց կերանք, անմահական համով էր։ Իմացանք, որ արխիվում տեսագրություններ ունի, չհամոզվեց, չտվեց։ Ասաց VHS կասետ է, արդեն քրքրվել է։ Պայմանավորվեցինք, որ կբերի Երևան, մենք կթվայնացնենք ու, եթե թույլ տա, որոշ հատվածներ կօգտագործենք։ Մի ամսից եկավ, Երևանում հանդիպեցինք, ժապավենը թվայնացրեցինք։ Նեղսրտած էր ու բարկացած․ ՊՆ-ի հետ խնդիրներ ուներ։ Էմոցիոնալ պատմում էր, որ ինչ-որ թղթի կտորի համար Դադիվանքից եկել հասել է Երևան, հիմա ուրիշ մի թուղթ են ուզում, հայհոյեց, ասաց՝ չեմ բերելու, իրենց տվածն իրենց գլխին կպնի։ Ամենաշատը նեղվել էր մի մարտական ընկերոջից, այդ ժամանակվա մի պաշտոնյայից, որի դռանը սպասել էր երկար, ով իրեն լավ էր ճանաչում։ Ասաց՝ այ դրա համար եմ գնացել Դադիվանք, այնտեղ մաքուր է։ Ֆիլմի հանգիստ ու խաղաղ Ռաֆոյին նման չէր։

Աշոտ գրառումից այսօր (արդեն երեկ-խմբ.) իմացա, որ Մորուք Ռաֆոն միացել է իր երկնային ընկերներին։ Ցավում եմ, շատ։

Ղարաբաղյան պատերազմի մասին շատ լեգենդներ են հյուսվել, հազարավոր մեդալներ են աջուձախ բաժանվել, կհիշեք, ում «բառդաչոկը» բացում էիր, մեդալ էր։

Մորուքն այն լեգենդն էր, ում մասին, ցավոք, համարյա բան չգիտենք։ Իրեն դա պետք չէր, մեզ է դա պետք»։

Ռաֆիկ Սայիյանի հոգեհանգիստը կկայանա Դադիվանքում մայիսի 22-ին՝ ժամը 18։00։

Հուղարկավորության արարողությունը՝ Հոռաթաղում։

Comment here