ԳլխավորԼուր

Հաղորդավար, լրագրող Արմինե Ճաղարյանն է մահացել

Արմինե Ճաղարյան

Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ճամպրուկս ու ես» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր:

Նա աշխատում էր նաեւ Radio Marshall-ում, երկար տարիներ աշխատել է «Երկիր Մեդիայում»։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Ճամպրուկս ու ես»  հաղորդաշարի շրջանակներում իրականացվող նկարահանումների ընթացքում, Դեբեդ գետի  Քոբայր-Սանահին  կայարան հատվածի 3-րդ կմ-ում գետի վարարած  լինելու  պատճառով փչովի ռետինե նավակը շրջվել է, ինչի հետևանքով նավակի մեջ գտնված ռաֆթինգի 4 և նկարահանում իրականացնող 3 մասնակիցներն ընկել են գետը, որոնցից 6-ը իրենց ուժերով կարողացել են դուրս գալ գետից, իսկ Ա. Ճաղարյանին շուրջ 10 կմ գետը տարել է:

Usanogh.am-ը ցավակցում է սիրելի գործընկերուհու հարազատներին ու ընկերներին։