Մայրերին շնորհավորելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ամե՞ն ինչ եք արել, որ նրանց որդիները չզոհվեն։ Կամ արե՞լ եք արդոք որեւէ բան։
Մայրերին շնորհավորելուց առաջ ձեր շուրջը նայեք՝ քանի որդեկորույս մայր է վշտից խեղդվելով՝ իբր թե ապրում՝ չկարողանալով անգամ կենցաղային տարրական խնդիրները հոգալ։ Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ամե՞ն ինչ եք արել, որ գոնե նրանց հոգսը թեթեւացնեք։ Կամ արե՞լ եք արդոք որեւէ բան։
Մայրերին շնորհավորելուց առաջ մի պահ մտածեք՝ մարդուն, որ հենց երեկ դուք վիրավորել եք, բղավել եք վրան, ապտակել եք կամ մի «թարս» խոսքի-նայվածքի համար առանց երկար- բարակ մտածելու՝ ծեծել-սպանել եք, մայր ունի կամ ուներ, ու նա ոչնչով պակաս չի ձեր մորից, գուցե մի փոքր էլ ավելին է. նրա որդին ձեր նման չէ։
«Մայրերի սուրբ կենացը» ամեն առիթների սկզբում հոտընկայս, մեջտեղում՝ աթոռին կիսապառկած, վերջում՝ գլխով սալաթի մեջ ընկած խմելիս հեչ հիշո՞ւմ եք՝ քանի մայր է օրվա մեջ հանդիպում ձեզ, քանի մոր հետ եք աշխատում ու քանիսին եք ալարում գոնե չնեղացնել։
Տանն առանց մտածելու ամեն ինչ թափելով, աղտոտելով, դպրոցում կամ բուհում մի կերպ «յոլա» տանելով՝ հեչ մտածո՞ւմ եք՝ ինչքան հոգս եք պատճառում այն կնոջը, որ ձեր մայրն է ու քանի անգամ եք նրան զրկում ձեզնով հպարտանալու, իր կյանքով գոհանալուց։
Սոցիալական ցանցերում, փողոցում կամ աշխատավայրում հայհոյելով, ինքնահաստատվելով ու ինքնագրգռվելով՝ հեչ մտածո՞ւմ եք՝ քանի մոր եք էդ պահին վիրավորում, ու առաջինը՝ ձեր մորը։
Մայրերին շնորհավորելուց առաջ մի վայրկյան մտածեք՝ ո՞վ եք դուք ընդհանրապես ու կա՞ք այնքան, որ մի հատ էլ նրանց շնորհավորեք։
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ