ԳլխավորԼուր

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ ոչ միայն ԳՊՀ-ից, այլև Ավստրիայից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը կարևորել է հայ-ավստրիական աշնանային դպրոցի գործունեությունը, որը կնպաստի ուսանողների՝ ազգային ժառանգության և մշակույթի պահպանմանն ուղղված գիտելիքների ամրապնդմանն ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

Դասախոսություններով հանդես են եկել Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը և ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Շաբունցը:

Ակտիվ հարցուպատասխանի միջոցով բանախոսներն անդրադարձել են Սյունիքի մշակութային ժառանգությանը, Սյունիքի՝ 7-14-րդ դարերի պատմությանը, արխիվային փաստաթղթերի՝ որպես պատմության սկզբնաղբյուրին, վիմագրությանը, ինչպես նաև մատենագիտությանն ու ձեռագրագիտությանը վերաբերող թեմաներին: