ԳլխավորԼուր

Փաստահավաք աշխատանքներ՝ Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում

Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ, հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:

«Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում:

Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը։ Անգամ խաղաղ բնակիչների տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:

Այս ամենին էլ գումարվում է ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը:

Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։

Այցի արդյունքներն առավել մանրամասն հատուկ սկզբունքով կվերլուծվեն, կամփոփվեն և զեկույցով կհրապարակվեն։ Դրանք կուղարկվեն նաև միջազգային կառույցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։