ԳլխավորԼուր

Թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։ Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունից հետո շահութաբերությամբ թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է։ UNICEF-ի տվյալներով՝ այն տարեկան ավելի քան 150 միլիարդ դոլարի շահույթ է բերում:

Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ բոլորը, ոչ միայն խոցելի խավի ներկայացուցիչները` կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ: Շահագործողները ուժով, սպառնալիքով կամ խաբեությամբ նրանց ենթարկում են սեռական շահագործման, ներգրավում հարկադիր աշխատանքներում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ։ Արդյունքում` խախտվում են մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժի և շատ այլ հիմնարար իրավունքներ, և որ ամենակարևորն է՝ ոտնահարվում է մարդու արժանապատվությունը։

Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։

Միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործմանը։ Դեպքերից 2-ը եղել է արտաքին շահագործման։ Իսկ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։

ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս՝ թրաֆիքինգի զոհ չդառնալու համար խուսափեք գայթակղիչ առաջարկներից, եթե խոստանում են արտասահմանում բարձր վարձատրվող աշխատանք կամ անվճար ուսում կամ հավատացնում են, թե շատ արագ խոշոր գումար կվաստակեք։ Մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։

Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը կամ կիրառվում է բռնություն, անգամ բռնության սպառնալիք, ապա անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գծին՝ 080 05-05-50։