ԳլխավորԼուրՀայաստանս

Հայ արորդիները Տրնդեզը նշել են Կարմիր բլուրի տարածքում

Հայ արորդիները Տրնդեզը նշել են Կարմիր բլուրի տարածքում

«Փետրվարի 13-ին հայ արորդիները, հայեցի, բնական կենսակերպով ապրող հայորդիները, հայուհիները Կարմիր բլուր հնավայրի տարածքում նշեցին ազգային-հեթանոսական, բնապաշտական տոներից մեկը՝ Տըրնդեզը»,-նշված է Արորդիների ուխտի ֆեյսբուքյան էջում։

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո նշում է Տյառնընդառաջը (Տեառնընդառաջ) կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Հայոց Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Ինչպե՞ս «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»

Այս եկեղեցական տոնի արմատները տանում են դեպի նախաքրիստոնեական անցյալ, երբ մեր նախնիները դեռ կրակապաշտ էին: Եվ այն ժամանակ այդ տոնը կոչվում էր «Դրնդեզ», ինչը հայերեն բառացիորեն նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Երբ Հայաստանը 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց և «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»` հայերեն «տեր» բառից:

Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արիականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը:

Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև տոնակատարության ցանկացած մասնակից։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում կա նորածին։

Ժողովրդի շրջանում տարածված է այն կարծիքը, որ եթե սիրահար զույգը խարույկի վրայով թռչելիս կարողանա ձեռքերը բռնած պահել, ապա նրանց սերը կլինի հավերժ։ Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեարնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Եթե անգամ երիտասարդները բարձր չեն թռնում, հոգ չէ. տոնական խարույկի լեզվակները, դիպչելով ոտքի կրունկներին, փոխանցում են վերակենդանացման և բարեկեցության ուժ։

Խարույկի վրայով թռնում են նաև անպտուղ կանայք` հուսալով, որ դա կօգնի նրանց վայելել մայրության բերկրանքը։ Խարույկի վրայով թռնում են տոնակատարության մյուս մասնակիցները` իրենցից վանելով անհաջողությունն ու ձախորդությունը։ Դրանից հետո բոլորը ձեռք ձեռքի բռնած շուրջպար են բռնում խարույկի շուրջ։ Գյուղական համայնքներում խարույկի մոխիրը տարածվում է դաշտերով` լեփ–լեցուն բերք ունենալու ակնկալիքով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews