ԳլխավորԽճանկար

Հին Տրոյա, կամ թե ինչպես արկածախնդիր Հենրիխ Շլիմանը մտավ պատմության մեջ

Հենրիխ Շլիման

1871 թվականին ինքնուս հնէաբան Հենրիխ Շլիմանը (6 հունվարի, 1822- 26 դեկտեմբերի, 1890) պեղումներ սկսեց։ Արդյունքում նա հայտնաբերեց հին Տրոյան եւ գանձեր գտավ։ Գանձախույզը դարձավ ժամանակակից հնէաբանության հիմնադիրներից մեկը։

Usanogh.am-ը ներկայացնում է Deutsche Welle պարբերականի անդրադարձը՝ թարգմանաբար։

Հնէաբանությունը մի քանի դար գնում էր նրան, որ համարվեր ակադեմիական գիտություն։ Նրա երկարատեւ պատմության մեջ եղել են ե′ւ գանձեր փնտրողներ, ե′ւ արկածներ որոնողներ։ Գիտության եւ արկածախնդրության հատման կետում կանգնած է Հենրիխ Շլիմանը՝ գանձեր որոնողն ու ժամանակակից հնէաբանության հիմնադիրներից մեկը։

Գերմանացի առեւտրականի բուռն կյանքը բոլորովին նման չէր գիտնականի կենսագրության։ Ծնվելով 1822-ի հունվարի 6-ին աղքատ ընտանիքում, աշխատանքային գործունեությունը սկսելով որպես մանր հանձնարարություններ կատարող տղա պարենավաճառի մոտ, Շլիմանը 24 տարեկանում դառնում է ամստերդամյան նշանավոր ընկերության ներկայացուցիչը Սանկտ-Պետերբուրգում, իսկ մի քանի տարի անց՝ առաջին գիլդիայի հաջողակ առեւտրական, ռուսահպատակ եւ ռուսական բանակի ամենախոշոր մատակարարներից մեկը Ղրիմյան պատերազմում (1853-1856)։

Արկածախնդրական ջիղը նրա մոտ մեկ անգամ չէ, որ ի հայտ է եկել։ Դեռ 19 տարեկանում նա փորձում է մեկնել Վենեսուելա, սակայն նավաբեկության է ենթարկվում, իսկ 1850 թ. մի քանի տարով տեղափոխվում է ԱՄՆ՝ ոսկու տենդի բուռն ժամանակաշրջանում եւ կրկնապատկում է իր կարողությունը՝ ոսկեխույզներին փող մատակարարելով։ Բոլոր այդ տարիներին նա չի դադարում Հին Հունաստանի մասին մտածել, բայց երբեք լրջորեն գիտությամբ չի զբաղվում։

Միայն 1858 թվականին Շլիմանն արմատապես փոխում է իր կյանքը, մի քանի տարում ազատվում է իր ձեռնարկություններից եւ սկսում է ինտելեկտուալ ճանապարհորդի կյանք վարել։ 44 տարեկանում  ընդունվում է Սորբոնի համալսարան, ուսումնասիրում է բանասիրություն եւ գրականություն։

1868 թվականի օգոստոսի 15-ին, Հունաստան կատարած ճանապարհորդության ժամանակ, Շլիմանը հանդիպում է բրիտանացի դիվանագետ Ֆրենկ Կալվերտին։ Նրանց միավորում է ոչ միայն հունական լեգենդների եւ Հոմերոսի «Իլիականի» նկատմամբ կիրքը, այլեւ մոտեցումը պոեմի հին տեքստին։

Երկուսին էլ չէր շփոթեցնում, որ կույր պոետը գրել է Տրոյայի պաշարման մասին մոտավորապես մ.թ.ա. VIII դարի վերջին, իսկ նկարագրվող իրադարձությունները (եթե դրանք իսկապես երբեւէ եղել են), տեղի են ունեցել 500 տարի ավելի վաղ։ Բայց Կալվերտն ու Շլիմանը տեքստին, որը կարդում էին բնագրի լեզվով, վերաբերվում էին տառացիորեն։ Նրանց համար դա ոչ թե հին լեգենդների բանաստեղծական նկարագրություն էր, այլ խորհրդավոր ռեբուս, որն իր մեջ հուշումներ է պարունակում եւ որոնք պարզապես պետք է նկատել եւ վերծանել՝ իրական Տրոյա տանող ճանապարհը գտնելու համար։ «Իլիականում» հանդիպող աշխահագրական տվյալները ստիպում էին մտածել, որ Տրոյայի ավերակները կարող են թաղված լինել Գիսարլիկ բլրի տակ՝ ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում։

Շլիմանը եռանդով գործի է անցնում։ Սկսած 1870 թվականի ապրիլից, նա, ստանալով Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը, բառացիորեն կտրատում է Գիսարլիկը ոսկեխույզի կրքոտությամբ։ Նա բլրի կենտրոնում 15 մետր խորությամբ հսկայական փոս է փորում, անտեսելով բնակավայրի վերին շերտերը։

Հասնելով բլրի հիմքին՝ Շլիմանը հասկանում է, որ միմյանց վրա փռված են ոչ թե մեկ, այլ մի քանի հնագույն քաղաքների ավերակներ։ Երբ ներքեւից երկրորդ շերտում գտնում է զանգվածեղ ամրոցային պատերի մնացորդներ եւ հրդեհի հետքեր, ինքնուս հնէաբանին ամեն ինչ պարզ է դառնում. դա, իհարկե, կարող է միայն Տրոյայի Պրիամոս արքայի պալատը լինել, իսկ ավերածությունների հետքերը նշանավոր տրոյական ձիու մեջ թաքնված աքքադացիների հաջող հարձակման վկայությունն են։

«Պրիամոսի գանձերը»

Վերջապես, 1873 թվականի մայիսի 31-ին Շլիմանը գտնում է այն, ինչը համարում է իր թեորիայի ծանրակշիռ ապացույց. խոշոր գանձ, ավելի քան 8000 առարկա, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված։ Եվ այստեղ Շլիմանն իրեն գիտնականի պես չի պահում. նա անլեգալ Օսմանյան կայսրությունից դուրս է հանում թանկարժեք իրերը եւ,առանց դույզն-ինչ շփոթվելու, դրանցով զարդարում է իր երիտասարդ հույն կնոջը, որը սկսում է կեցվածք ընդունել եվրոպական լրատվամիջոցների համար։ Շլիմանը մի ամբողջ պատմություն է հորինում, թե ինչպես է կնոջ՝ Սոֆյայի հետ գտել «Պրիամոսի գանձերը» եւ բանվորներից գաղտնի հանել դրանք հնագետների ճամբարից։

Այսօր գիտնականները ստույգ գիտեն, որ Սոֆյան այդ ժամանակ ընդհանրապես չի մասնակցել պեղումներին, բայց չեն կարողնում մինչ օրս ճշտել՝ արդյոք ամբողջ գանձը Շլիմանը մի տեղից է գտել, թե հավաքել է տարբեր տեղամասերից։ Ինչ էլ որ լինի, Շլիմանն անվիճելի ներդրում է կատարել հնէաբանության՝ որպես գիտություն, զարգացման, մեթոդոլոգիայի, փաստաթղթավորման, հնէաբանական աղբյուրների մեկնաբանման գործում։

Մեծ հնէաբանն ու հանճարեղ մարկետոլոգը

Տրոյայի հայտնաբերումից հետո հանրաճանաչ դառնալով Եվրոպայում՝ Շլիմանը շարունակում է պեղումները Հունաստանում եւ Իտալիայում՝ հաջողությամբ մեկտեղելով հնէաբանական հայտնագործությունները հնէաբանության հանրահռչակման միջոցառումների հետ։ Բայց իր մահվանից մեկ տարի առաջ նա այնուամենայնիվ ստիպված էր խոստովանել, որ իր ամենամեծ հպարտության՝ «Պրիամոսի գանձերի» առումով սխալվել է։ Շերտը, որտեղ հայտնաբերվել էին գանձերը, շատ ավելի հին էր, քան Հոմերոսի նկարագրած Տրոյական պատերազմի ժամանակաշրջանը։ Թանկարժեք իրերը պատրաստվել էին մոտավորապես մ.թ.ա 2400 թվականին, հետեւաբար, ոչ մի կերպ չէին կարող Պրիամոսինը լինել։

Պեղումների վայրը Գիսարլիկի բլրի վրա

Մինչ օրս վեճերը չեն դադարում՝ արդյո՞ք Հենրիխ Շլիմանը հայտնաբերել է այն նույն Տրոյան։ Չէ՞ որ Հոմերոսը օգտվել է բանավոր լեգենդներից, որոնք հարյուրավոր տարիներ փոխանցվել են մի սերնդից մյուսը։ ««Իլիականի» պատմական հիմքե՞ր… Դա լիակատար անհեթեթություն է»,-արտահայտությունների մեջ խտրականություն չդնելով արտահայտվել է, օրինակ, հնէաբան, պրոֆեսոր Դիտեր Հերտելը Քյոլնից։

Այդպես է, թե ոչ, այնուամենայնիվ «Իլիականը» հրաշալի օրինակ է այն բանի, ինչը ժամանակակից պատմաբաններն անվանում են «բանավոր պատմություն» (oral history)։ Պոեմի բազմաթիվ տողերը, իրենց հեկզամետր (վեցաչափ) տաղաչափությամբ եւ հնագույն ձեւակերպումներով, հեշտությամբ անգիր են արվել եւ անփոփոխ փոխանցվել սերնդե սերունդ, մինչեւ դրանք չի գրառել կույր բանաստեղծը, որի տեքստի հետքերով գնալով էլ՝ արկածախնդրական ջիղով գանձեր որոնողը դարձավ ժամանակակից հնէաբանական գիտության հիմնադիրներից մեկը։ Հենց Տրոյայից է սկսվել հնէաբանությունը։

Deutsche Welle

Comment here