Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան նամակ է հղել Էմանուել Մակրոնին

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակ են հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան տեղեկացնում է, որ շրջանավարտների համայնքը խնդրում է նախագահ Մակրոնին օգտագործել իր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին և Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար:

Ասոցիացիան խնդրում է հետևել, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները: Այդ թվում խախտումներ, որոնք սակայն չեն սահմանափակվում, ռազմագերիների խոշտանգումներով և սպանություններով, զոհված զինվորների ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով, քաղաքացիական թիրախների` մասնավորապես դպրոցների ու հիվանդանոցների զանգվածային ռմբակոծություններով, արգելված զինամթերքի օգտագործմամբ:

Խնդրում է նաև դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք:

«Պարոն նախագահ, ցանկանում ենք հայտնել Ձեզ մեր խորին ցավակցությունը Ֆրանսիան պատուհասած ահաբեկչությունների կապակցությամբ: Մտքերով մենք զոհերի հարազատների և մեր սիրելի Ֆրանսիայի ժողովրդի հետ են:  Վստահ լինելով ձեր հանձնառության մեջ՝ խնդրում ենք ընդունել, պարոն նախագահ, մեր հարգանաց հավաստիքը»,-ասված է նամակում։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտները նշում են, որ կրթվել են Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայերը բախվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած աննախադեպ ագրեսիայի: Սույն հարձակումը տեղի է ունենում Covid-19 համավարակի համատեքստում, մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր արել աշխարհում համընհանուր զինադադար հաստատել: Այս պատերազմն ուղեկցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով. ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական հաստատություններ, մասնավորապես դպրոցներ ու հիվանդանոցներ, միևնույն ժամանակ օգտագործելով միջազգային օրենքով արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք:

Սույն պատերազմը հղի է ժողովրդագրական, տնտեսական և առողջապահական ճգնաժամի, ինչպես նաև զանգվածային արտագաղթի հետևանքներով:

Մինչ օրս մեր հազար հարյուր յոթանասունյոթ հայրենակից, այդ թվում՝ ՈՒՖԱՌ-ի չորս երիտասարդ ներկայացուցիչ, հերոսաբար ընկել են մարտական գործողություններում: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա քառասունվեց զոհ և հարյուր քառասունմեկ վիրավոր: Վերոգրյալ աղետալի թվերին ավելանում են նաև Ղարաբաղի ավելի քան յոթանասուն դպրոցական հաստատությունների ռմբակոծության արդյունքում ներկայումս կրթության իրավունքից զրկված քսանչորս հազար երեխաները:

Պարոն նախագահ, դուք առաջին օտարերկրյա ղեկավարն եք, ով դատապարտեց այս հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների ներգրավվածությունը և մատնանշեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից կատարած առաջին հարվածների անհիմն լինելը: Օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում փաստերի վրա հիմնված այս ճշմարտությունները բարձրաձայնելու համար: Հիրավի, Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակչությունը մտադրություն չուներ պատերազմելու և ամենևին չի ցանկանում այն շարունակել: Մենք միայն մեկ բան ենք ցանկանում` խաղաղ ապրել և արարել մեր նախնիների հողում: Ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ ձեռք բերված երեք զինադադարները խախտած ագրեսորը մերժում է ցանկացած խաղաղ կարգավորում, և իր հարձակումները համատեղում է հայերի հանդեպ ատելության կոչերով»,-ասված է նամակում:

Համալսարանի շրջանավարտները հիշեցնում են, որ 1915 թ.-ին, երբ սարսափելի հանցագործություն կատարվեց մեր ժողովրդի դեմ, Ֆրանսիան հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Նրանք չեն մոռանում ֆրանսիական նավատորմի կողմից Մուսա լեռան վրա հիսուներեք օր հանգրվանած չորս հազար ինսուներկու հայերի փրկությունը: Չեն մոռանում նաև, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Ֆրանսիան Շառլ Ազնավուրի հետ միասին մոբիլիզացվեց` օգնության ձեռք մեկնելու աղետի գոտու բնակչությանը: Նշվում է, որ այս բոլոր դրվագները նշանավորեցին երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը և, կարծում են, որ այժմ հայ-ֆրանսիական բարեկամության նոր էջ է գրվում:

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները և Ֆրանսիայի հայերն արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժած բնակչությանը, և մամուլում հայտարարվել է կառավարության կողմից նախապատրաստվող օգնության մասին: Շրջանավարատները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր մոբիլիզացված են այս կարևոր աշխատանքի համար:

Comment here