ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանը վերաբրենդավորվել է. «Մեդիամաքսը» զրուցել է ռեկտորի հետ

Բերտրան Վենար

Հայաստանում ֆրանսիական համալսարանը վերաբրենդավորվել է: Նոր բրենդավորումը համապատասխանում է համալսարանի նոր ռազմավարությանն ու տեսլականին՝ դառնալ Կովկասի բարձրագույն կրթության առաջատար: ՀՖՀՀ նոր կայքը, լոգոն ու գրաֆիկական դիզայնը ներկայացվել են նոյեմբերի 17-ին:

Վերաբրենդավորման ու նոր ռազմավարության մասին «Մեդիամաքսը» զրուցել է ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի հետ: Սահմանային լարված իրավիճակը, սակայն, ընդլայնել է զրույցի թեման. ինչպե՞ս շարունակել աշխատել, երբ պատերազմ է, ի՞նչ անելիք ունեն բուհերն ու ինչպե՞ս դիմակայել սթրեսին:

Նոր ռազմավարությունը մշակեցինք պատերազմի ընթացքում

Հայաստան եկա 2020թ. սեպտեմբերին: Այստեղ ծայրահեղ բարդ իրավիճակ էր: Անմիջապես պարզ դարձավ՝ եղած սթրեսի, սարսափելի դժվարությունների շրջանում  Հայաստանին պետք է առաջարկենք նախաձեռնողականություն, նոր ձգտումներ ու իրավիճակին դիմակայելու կարողություն:

Վերլուծեցինք համալսարանի աշխատանքն ու մշակեցինք նոր ռազմավարություն ՀՖՀՀ-ի համար: Նպատակն էր մեր շահառուներին առաջարկել հավակնոտ նախագիծ, որը առաջ կմղեր նրանց, կենթադրեր ոգեւորվածություն, պատկանելիության, մաս կազմելու զգացողություն, կենթադրեր նույնիսկ երջանկություն ու հզորացում:

2020 թ. պատերազմի  ընթացքում տասնյակ հարցազրույցներ, հանդիպումներ անցկացրինք ու արդեն դեկտեմբերի կեսին ներկայացրինք նոր ռազմավարությունը, որ կոչվեց «Հորիզոն ՀՖՀՀ 2021-2025թթ.»: Այս ռազմավարության մաս էր կազմում նաեւ հաղորդակցությունը, բարձրագույն կրթական հաստատության վիզուալ ճանաչելիությունը: Սա ենթադրում էր նոր կայք, նոր լոգո, ինչն էլ ներկայացնում ենք հիմա:

Պետք է շարունակել աշխատել. սա իմ կրեդոն է

Նախորդ տարի մեր ռազմավարությունը մշակում էինք իրավիճակում, որը նման էր այս օրերի սահմանային իրավիճակին: Այս օրերին էլ մենք ներկայացնում ենք մեր աշխատանքի արդյունքը, դրա նյութականացումը:

Ես ինչ-որ տեղ ամոթ եմ զգում խոսել համալսարանի բրենդինգի, նոր լոգոյի մասին, երբ սահմանին մարդիկ են զոհվում: Բայց միաժամանակ ՀՖՀՀ-ի ուսանողներին եւ թիմերին կոչ եմ անում կանգ չառնել նման ողբերգական իրավիճակում, պետք է շարունակել աշխատել ու ոչ թե սովորականի պես, այլ՝ սովորականից շատ ավելի լավ:

Ես ունեմ շատ պարզ կրեդո: «Կրեդո»-ն լատինական ծագումով բառ է, համոզմունք է նշանակում: Իմ կրեդոն հետեւյալն է. պատերազմի ընթացքում մարդիկ մահանում են, սարսափելի դժվարություններով են անցնում, բայց բնակչությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները. հացթուխը՝ լավաշ թխի, մսագործը՝ մշակի միսը, ռեկտորը,  դասախոսներն ու մնացած անձնակազմը՝  բարելավեն համալսարանական գործունեությունը:

Մենք պետք է միասին շարունակենք ամուր ու ուժեղ մնալ, շարունակենք առանց վարանելու կատարել մեր աշխատանքը, եթե նույնիսկ շատ սթրեսային իրավիճակ է, որը բավականին երկար է տեւում, ինչպես  2020թ. սեպտեմբերից էր:

…Ես ինքս իմ մեջ հույս եմ փայփայում, որ ստիպված չեմ լինի գնալ նոր հուղարկավորությունների, որովհետեւ գիտեմ՝ իմ շատ ուսանողներ առաջնագծում են: Անցյալ տարի մենք արդեն կորցրել ենք երիտասարդ տղաների:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here