ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման և խորացման կարևոր խորհրդանիշ։
«Մշտապես ընդլայնելով փոխգործակցության շրջանակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ապահովում է երկու ժողովուրդների միջև կայուն երկխոսությունը և բարեկամական կապերի ամրապնդումը: Վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներով և փորձառությամբ կդառնաք հուսալի կամուրջ Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների էլ ավելի սերտացման և խորացման համար: Վստահ եմ նաև, որ ձեր մասնագիտական ներդրումն եք ունենալու մեր պետության զարգացման առաջխաղացման գործում»,- շրջանավարտներին ուղղված խոսքում մասնավորապես նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նրանցից որոշները կնախընտրեն գիտական կարիերայի ուղին և այդկերպ իրենց ներդրումը կունենան ՀՀ-ում գիտության զարգացման առանցքային գործում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուստարվա «Մարի Կյուրի» և 2023-2024 ուստարվա «Շառլ Ազնավուր» անունները կրող ավելի քան 550 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։