ԳլխավորԼուր

Ռուս-հայկական համալսարանի ուսանողին դիրքերում ինքնասպանության են հասցրել

Մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանը

Երեկ մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքից առաջ տղային ծեծի են ենթարկել, գրում է ArmLur.am-ը։

Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։

«ArmLur.am-ին հասած տեղեկություններով` զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Ըստ նախնական վարկածի` մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար»,– գրում է կայքը։

Իրավապահ համակարգից լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։

Հավելենք, որ Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի «Լրագրություն» բաժնի ուսանող էր։

Ռուս-Հայկական համալսարանը հաղորդագրություն է տարածել.

« Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,-նշված է ցավակցական հաղորդագրությունում։

Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, 6 ամսվա ծառայող էր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews