ԳլխավորԼուր

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ավելի քան 8400 հայտ է ստացվել

Կամավոր ատեստավորում

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ավելի քան 8400 հայտ է ստացվել, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջին տարվա համեմատ հայտերի թիվն աճել է ավելի քան 8 անգամ:

Այս տարի ՀՊՄՀ-ում բակալավրիատում մրցութային ընդունելություն ենք գրանցել նույնիսկ տարիներ շարունակ ամենախնդրահարույց ուղղություններից՝ կենսաբանության և քիմիայի ուղղությամբ, բոլոր տեղերը համալրվել են: Իսկ մագիստրատուրայում կունենանք ևս 189 սովորող՝ ԲՏՄՃ ուղղությունների ապագա ուսուցիչներ:

Ընդ որում, 286 դիմորդներից մագիստրատուրա ընդունվել են շուրջ 189-ը, այսինքն այստեղ էլ բավական ընտրողական մոտեցում է եղել. ոչ բոլոր դիմորդներն են ընդունվել, որովհետև որակը կարևոր է:

Դե իսկ կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մասին ևս մեկ անգամ շեշտեմ.

2019-2020 ուսումնական տարվա նկատմամբ 2024-2025 ուսումնական տարում երեխաների ընդգրկվածությունը միջինում աճել է շուրջ 7,2 տոկոսով: Ընդ որում՝

տարրական մակարդակում՝ 92,9 տոկոսից դարձել է 102 տոկոս,

հիմնական դպրոցում՝ 90 տոկոսից դարձել է 99,7 տոկոս,

ավագ մակարդակում՝ դպրոցներում ընդգրկվածությունը 59,5 տոկոսից դարձել է 60,9 տոկոս, իսկ քոլեջներում՝ 14,9 տոկոսից դարձել է 21,3 տոկոս»,-նշված է գրառման մեջ։