ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցիչների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ ուսուցիչներ,
Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։
Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։
Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։ Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։ Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։
Կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի մեր համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն մեր երկրի բոլոր բնակավայրերում, բոլոր սովորողների համար՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը, աչք չփակելով առկա խնդիրների վրա, գնահատելով աշխատանքը, արժևորելով նորարարությունը, խրախուսելով ու տեսանելի դարձնելով մեր բոլոր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում այս ամենի համար:
Ամբողջությամբ` այստեղ: