ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել միջնորդի հետ և պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վերջինից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը նա տվել է միջնորդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Comment here