ԳլխավորԼուր

Ռեմարկի «Սև կոթողը» վեպը լույս է տեսել բնագրային թարգմանությամբ

Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը» վեպը: Այն մայիսի 7-ից հայ ընթերցողի սեղանին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը թարգմանել է Աննա Ռոստոմյանը, հրատարակել՝ «Էդիթ Պրինտ»-ը:

«Մեր հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքերը: Հաջորդիվ կհրատարակվեն  Ռեմարկի մյուս գլուխգործոցները: Այս պահին տպագրության է պատրաստվում գերմանացի գրողի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունը, որը նույնպես առաջին անգամ բնագրային թարգմանությամբ կներկայացվի հայ ընթերցողին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ շեշտելով, որ Ռեմարկի գործերը մեծ պահանջարկ ունեն:

«Սև կոթողը. պատմություն ուշացած երիտասարդության» գործը գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով և աճող նացիոնալիզմով:

Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես գրախանութի սեփականատիրոջ տղայի մասնավոր ուսուցիչ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում:

Comment here