Հայաստանյան բազմաթիվ բուհեր 2026 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում են: Usanogh.am-ը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:
Առաջատարը ավանդաբար Երևանի պետական համալսարանն է. այն նշված ժամանակահատվածում պետությանը վճարել է 1 միլիարդ 734 մլն 551 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 105-րդ հորիզոնականում։
ԵՊՀ-ին «կրկնկակոխ հետապնդում է» Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ 1 միլիարդ 732 մլն 145 հազար դրամով զբաղեցնելով ցանկի 106-րդ հորիզոնականը։
Եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 926 մլն 705 հազար դրամ հարկ ու հայտնվել 202-րդ հորիզոնականում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 798 մլն 193 հազար դրամ (249-րդ տեղ), Ռուս-հայկական համալսարանը՝ 745 միլիոն 342 հազար դրամ (269), իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 528 միլիոն 336 հազար դրամ (379)։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2026 թվականի հունվար-հունիս ամիսների համար վճարել է 462 մլն 568 հազար (419), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 415 մլն 869 հազար (479), Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 362 մլն 271 հազար (567)։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշված ժամանակահատվածում վճարել է 308 մլն 541 հազար դրամ (690), Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ 257 մլն 196 հազար դրամ (805)։
Նկարը՝ ԱԲ-ի
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


