ԳլխավորԼուր

Այսօր Քրիստոսի Պայծառակերպության տոնն է` Վարդավառը

Երևանի Հանրապետության հրապարակը պատրաստ է Վարդավառին (27.07.2025)

Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ապա լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Երևանի Հանրապետության հրապարակը պատրաստ է Վարդավառին (27.07.2025)