ԳլխավորՄի կտոր երգ

Վիկտոր Ցոյի հիշատակին. Звезда по имени Солнце

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի հիշատակին (21.06.1962-15.08.1990)։

1. Չնայած «Կինո» խմբի մենակատարը բեմ էր բարձրանում բացառապես սև հագուստով, առօրյա, ոչ բեմական կյանքում նրա սիրած գույնը դեղինն էր։ Նա նաև դեղին վարդեր էր սիրում։ Վիկտորի համար այդ գույնն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Արևելքի երկրներում (իսկ Ցոյի երակներով կորեական արյուն էր հոսում) դեղին գույնը հավերժություն է խոհրդանշում։

2․ Վիկտոր Ցոյի հասակը 184 սմ էր

3․ Գործընկեր-երաժիշտներից առաջինը, որը հավատաց Ցոյի հաջողությանը նրա ստեղծագործական ուղու հենց ամենասկզբում, «Ակվարիում» խմբի  վոկալիստ Բորիս Գրեբենշչիկովն էր։ Հենց նա է լսել Վիկտորի առաջին, դեռ «Կինո» խմբի ստեղծումից առաջ ստեղծված ամենավաղ երգերը՝ «Мои друзья» և «Вася любит диско, диско и сосиски»։

4. «Восьмиклассница» երգի հերոսուհին երաժիշտի հնարած կերպարը չէ, այլ իրական աղջիկ՝ Ջեննի անունով։ Ութերորդ դասարանում նա իսկապես հաճախ էր ժամանակ անցկացնում Ցոյի հետ, որն այդ ժամանակ ուսումնարանի ուսանող էր։ Հիմա «ութերորդ դասարանցի» Ջեննին ինտերիերների դիզայնով է զբաղվում։

5․ Վիկտոր Ցոյի անունով փողոցներ կան Արզամասում և Նոյաբրսկում։ Բայց երաժիշտի հայրենի քաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, այդպիսի անվանումով փողոց գոյություն է ունեցել ընդամենը մեկ օր՝ 2012թ․-ին․ «Կինո»-ի աստղի 50-րդ տարեդարձի առթիվ փողոցներից մեկը ժամանակավոր վերանվանել էին «Վիկտոր Ցոյի նրբանցք»։

6․ Վիկտորը չէր սիրում ձմեռը, տարվա այդ եղանակի հանդեպ բացասական վերաբերմունքն արտահայտված է նրա երգերից մի քանիսում․ «Растопите снег…Я не могу больше жить без тепла», «Белая гадость лежит под окном, я ношу шапку и шерстяные носки…»։

7․ «Спокойная ночь» երգը Ցոյը հորինել է Կիևում հյուրախաղերի ընթացքում։ «Река» հյուրանոցի պատուհանից դեպի գիշերային քաղաքը բացվող սքանչելի տեսարանը ոգեշնչել է երգչին գրել հայտնի տողերը․ «Я ждал это время и вот это время пришло — те, кто молчал, перестали молчать…» (Ես սպասում էի այս ժամանակին, և ահա ժամանակը եկավ, ովքեր լռում էին, դադարեցին լռել․․․)։

8․ Ելույթների ընթացքում «Կինո» խմբի վոկալիստը հանդիսատեսին այնքան էներգիա էր տալիս, որ բեմից դուրս գալուց հետո ուղղակի պառկում էր գետնին և անշարժ մնում մոտ 10 րոպե՝ փորձելով ուշքի գալ։

9․ Չնայած իր ռոք-էությանը, Ցոյը հետաքրքրվում էր խորհրդային էստրադայով, հետաքրքրությամբ էր լսում Միխայիլ Բոյարսկու և «Ласковый май» խմբի երգերը։

10․ Ցոյն իր առաջին կիթառը ձեռք է բերել հինգերորդ դասարանում․ ծնողները նրան նվիրել են Լունաչարսկու անվան գործարանում արտադրված 12 լարանի երաժշտական գործիք։

«Կինո» խմբի մեներգիչը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Ռիգայի մոտակայքում, իր 28-ամյակից մոտ 2 ամիս անց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ցոյը քնել է ղեկին, ու նրա «Մոսկվիչը» հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ բախվել է «Իկարուս» ավտոբուսին։

Comment here