«Բալթիկ վոյս» երգի միջազգային ամենամյա մրցույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներ Գայանե Թադևոսյանը և Քրիստինա Դանոյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ գրանցելով հավասար արդյունքներ, հայտնում են ԵՊՀ-ից:
Արդեն 11 տարի Լատվիայում անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել են 125 կատարողներ 16 երկրներից՝ Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Իսրայելից, Մալթայից և այլն:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները մրցույթին մասնակցում էին 3-րդ անգամ: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ysu.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակցության 1-ին իսկ տարում արժանացել են Գրան պրի մրցանակի՝ դրանով հիմք դնելով հետագա հաղթանակներին և հետաքրքրությանը Հայաստանի նկատմամբ, իսկ ինքը ստացել է առաջարկ՝ դառնալու միջազգային մրցույթի ժյուրիի անդամ և մինչև օրս էլ շարունակում է մնալ ժյուրիի կազմում՝ իրավունք չունենալով քվեարկելու ՀՀ մասնակիցների օգտին:
Անդրադառնալով կենտրոնի սաների ելույթներից ժյուրիի ստացած տպավորություններին՝ Կարինե Դավթյանը նշեց. «Ժյուրիին տպավորել էին ոչ միայն մեր մասնակիցների վոկալային տվյալները, երգերի ընտրությունն ու կատարումները, այլև ընդհանուր կերպարը, արտաքին տեսքը, բեմադրությունները: Նրանք նշեցին, որ մենք բարձրացրել ենք այս մրցույթի նշաձողը, ինչը շատ պարտավորեցնող ու հաճելի գնահատական է, քանի որ մենք անում ենք առավելագույնը մեր երկրի, ԵՊՀ-ի և կենտրոնի անունը բարձր պահելու համար»:
Կարինե Դավթյանն ընդգծեց, որ այս մրցանակներն ու հաջողությունները լուրջ հաղթանակ են նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համար, քանի որ հենց կենտրոնում են սաները սկսել զբաղվել պրոֆեսիոնալ երգով:
25 տարեկանից բարձր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Գայանե Թադևոսյանն արժանացել է նաև «Ժողովրդի համակրանք» մրցանակի: Մրցույթի 1-ին փուլում Գայանեն ներկայացրել է իր հեղինակային «Ես կգամ» երգը (որը գործիքավորել և մշակել է անձամբ, ինչպես նաև երգի համար պատրաստել է ֆոնային տեսանյութ), իսկ 2-րդ փուլում՝ «The Phanton of the Opera» երգը:
Գայանեն մեզ հետ զրույցում ընդգծեց, որ սա երգի առաջին մրցույթն էր, որին մասնակցում էր արտերկրում, և շատ պարտավորեցնող էր տարիներ անց Երևանի պետական համալսարանը կրկին ներկայացնելը:
Կարևորելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերակատարումը երգի ասպարեզում իր ունեցած հաջողություններում՝ ԵՊՀ շրջանավարտ Գայանեն նշեց. «Մշակույթի կենտրոնի սան եմ ուսանողական տարիներից, և հենց այստեղ եմ կատարել իմ առաջին քայլերը պրոֆեսիոնալ երգի ասպարեզում: Վստահ եմ՝ մեր ամուր կապը կլինի հավերժ»:
Քրիստինա Դանոյանը ևս գրավել է 1-ին հորիզոնականը 25 տարեկանից բարձր տարիքային խմբում: Նա ներկայացրել է Արամ Սաթյանի «Սերն անցավ» և Մադոննայի «La Isla Bonita» ստեղծագործությունները:
Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի, մասնավորապես ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերակատարմանն իր կյանքում՝ Քրիստինան շեշտեց. «Մշակույթի կենտրոնի ներդրումն իմ երաժշտական կյանքում շատ մեծ է: Այստեղ ճանաչել եմ ինքս ինձ՝ հասկանալով, որ կարող եմ բեմում շատ ազատ երգել, մասնակցել միջազգային մրցույթների, գրանցել հաղթանակներ և ձգտել ավելիին»:
Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը: