«Եվրատեսիլ–2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը (Ռոզա Կոստանդյան) ելույթ է ունեցել իտալական «X Factor» նախագծի շրջանակում: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է իտալական «X Factor»–ի յութուբյան ալիքում։
Ռոզան կատարել է միջազգային հիթ դարձած իր «Snap» երգը, որն ուղեկցվել է պարային բեմադրությամբ:
«Եվ ո՞վ կմտածեր, որ փոքրիկ Հայաստանից եկած երգչուհին նման հաջողություն կունենա։ «Եվրատեսիլը» աշխարհը նվաճելու հնարավորություն տվեց նրան։ Նա հրաշալի ձայն ունի, ու շատ հուզիչ է այս պատմությունը։ Փշաքաղվելու աստիճան գեղեցիկ ձայն։ Նրա շնորհիվ ինձ սկսում է դուր գալ «Եվրատեսիլը»»,–մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Վանաձորցի 22-ամյա երգչուհին եվրատեսիլյան հիթը կատարելու է նաև Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ–2022»-մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: