ԳլխավորԼուր

Wildberries կայքը խափանվել է, պատվիրատուները խուճապի մեջ են

Wildberries առցանց գնումների հարթակի հաճախորդները այսօր առավոտից բողոքում են` կայքը և հավելվածը խափանվել են, հայտնում է Sputnik Արմենիան։

Գնումներ կատարած բոլոր օգտատերերի մոտ պատվերները զրոյական են ցույց տալիս, հատուկ կոդերն էլ չեն ուղարկվում հաճախորդներին։

Հարթակի հաճախորդները Wildberries-ի և՛ հայկական, և՛ պաշտոնական էջերում բազմաթիվ մեկնաբանություններ են կատարել, գրելով` «Առաքումներս կորել են», «Ամեն ինչ զրոյական է ցույց տալիս, մի բան ասեք, ի՞նչ է պատահել, կոդն ինչպե՞ս ստանանք», «100 000 դրամի պատվեր եմ արել, ամեն ինչ դատարկ է ցույց տալիս», «Պատվերների համար ի՞նչ անենք»։

Wildberries–ի պաշտոնական ներկայացուցիչները Facebook–ում արձագանքել են բարձրացված խնդրին ու նշել, որ ներկա պահին կայքի և հավելվածի խափանումը վերացնելու նպատակով աշխատանքներ են տարվում։

Facebook-ի հայկական էջը նույնպես արձագանքել է ստեղծված իրավիճակին։

«Տեխիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չեն գործում wildberries–ի կայքը և հավելվածը: Արվում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ խնդիրը կարգավորվի: Հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում գրառում կկատարենք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Wildberries-ը հագուստի, կոշիկի, էլեկտրոնիկայի, մանկական ապրանքների, տան և այլ ապրանքների միջազգային առցանց խանութ է: Աշխատում է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Լեհաստանում, Սլովակիայում, Գերմանիայում, Իսրայելում, Մոլդովայում և Թուրքիայում: