ԳլխավորԼուրԽոսք

Այսօր երկրաշարժ էր. 32 տարի է անցել

Երեւան-Սոչի գնացքի վանաձորցի ուղեւորների մի մասն իջավ Ադլերի կայարանում 1988-ի դեկտեմբերի 23-ի վաղ առավոտյան՝ դեռ լույսը չբացված։ Բազմաթիվ «Իկարուսներ» էին կանգնած, որոնցից ամեն մեկը հենց կլանում էր մարդկանց խմբի՝ անմիջապես շարժվում էր։ Շարասյունն ուղեկցում էին պետավտոտեսչության մեքենաները՝ լուսային ազդանշանները թարթելով։

Հասանք բաձրահարկ մի շենքի, որը հետո իմացանք՝ «Վեսնա» հյուրանոցն էր։ Լուսառատ նախասրահում տիրող աղմուկին միախառնվում էին ապակիների, հայելիների փայլն ու անաղմուկ, բայց հսկա վերելակների ծլնգոցը, գումարած՝ բազմալեզու խոսակցությունները, որը կիսաքնած-հոգնած ուղեղներում կատարյալ շփոթ էր ստեղծում։ Չնայած անպատեհ ժամին՝ առավոտյան 6-անց, բոլորին խնդրեցին իրերը համարներում տեղավորելուց հետո իջնել հյուրանոցի ճաշարան՝ սնվելու։

Դրանից հետո բարձրացանք 2-ական տեղերով մեր համարները։ Ցնցուղի տակ մտնելուց անմիջապես հետո մրաջուր սկսեց հոսել. մեկ շաբաթ խավարով ու ծխով պատված քաղաքից էինք եկել, ու ծխահոտն ու մուրը կարծես ներծծված լինեին մեջներս։ Վերջ, մաքրվեցինք. դուրս եկա պատշգամբ՝ արեւն արդեն բարձրանում էր…. ծովի հեռուներից, որն անսպասելիորեն հայտնաբերեցի հյուրանոցից մի 50 մետրի վրա։ Լռությունը խախտում էին ալիքների թույլ ձայնն ու նոր արթնացող ճայերի կանչերը։

Մենք դեռ չգիտեինք, որ մի քանի ամիս ապրելու եւ դպրոց ենք գնալու այդ հյուրընկալ քաղաքում՝ Ադլերում…

usanogh.am

1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ժ. 11.41-ին, հուժկու երկրաշարժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները։ Հողին հավասարվեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիից (Լենինական) հատուկենտ շինություններ մնացին, մեծապես վնասվեցին Վանաձոր (այն ժամանակ՝ Կիրովական) ու Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց 25 հազար (24985) մարդ, գրեթե կես միլիոնն անօթեւան դարձավ։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի տվյալներով՝  Հայաստանի ազգային արխիվում, սակայն, կան փաստաթղթեր, որոնք անդրադառնում են այդ հարցին: Այսպես` «80-ականների վերջի ժողովրդագրական իրավիճակի և բնակչության աճի միտման վերլուծություն» ծառայողական փաստաթղթում, որը կազմվել է Վիճակագրության, ռեգիստրի և վերլուծությունների պետական գործակալության կողմից, զոհերի և անհայտ կորածների թիվը 40 հազար է նշված, որը հետագայում մատիտով փոխվել է 38 հազարի` հավանորեն, անհայտ կորածների ցուցակների ճշգրտման արդյունքում:

Հազարավոր կանայք, ծերեր ու երեխաներ ժամանակավորապես ու անվճար ապաստանեցին Ռուսաստանի Դաշնության մերձսեւծովյան հյուրանոցներում ու առողջարաններում։

 

Comment here