ԳլխավորԼուր

Յուրի Սաքունցը՝ GBC վարկածով աշխարհի չեմպիոն

Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին

Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ է տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն անցել է լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ։

Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է իմ ազգին, իմ թիմին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են արդարության համար»,- նշել է Յուրին։

Յուրի Սաքունցը ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։ Բացի այդ, նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։